Իտալացի ներդրողը պիցցայի արտադրության խթանմամբ Սյունիքում ապահովելու է որակյալ սնունդ եւ աշխատանքի պայմաններ

16:03, 7 Հոկտեմբեր, 2017

ԿԱՊԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ավագ խոհարար Նիկոլա Դի Մաուրոն  Հայաստան է ժամանել Հռոմից՝ Սյունիքում  հատուկ պայմաններում  սառեցված կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրություն հիմնելու նպատակով: Նրա խոսքով՝ այստեղ է ոչ միայն ապահովելու սննդի բարձր որակ, այլեւ ստեղծելու այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատակիցներն աշխատեն որակյալ պայմաններում:

«Վերջին մեկ տարվա ընթացքում  ես  Սյունիքում աշխատել եմ  նոր նախագծի  վրա: Պիցցան արտահանվելու է  եվրասիական շուկա: Կիսաֆաբրիկատ  պիցցան պատրաստվելու է իտալական ձևով,  սակայն  բացառապես տեղական մթերքով:  Փորձելու ենք մթերքը  ձեռք բերել Սյունիքի մարզի հարակից  տարածքներից, ինչը   կնպաստի  ընկերության ֆինանսական տնտեսմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց իտալացի խոհարարը, ով Իտալիայում եւ Ռուսաստանում ունի մի շարք  ռեստորաններ:

Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է գործարանում 1 ամսվա ընթացքում արտադրել մոտ 250.000 պիցցա: Գործարանում 1 գծային արտադրամասում նվազագույնը կլինի 50 աշխատող, իսկ առավելագույն աշխատատեղերի քանակը 3 գծային արտադրամասում՝ 150 աշխատող:

«Մենք արտադրության ավտոմատացումը  փորձել ենք հնարավորինս նվազեցնել, որպեսզի ստեղծենք ավելի շատ աշխատատեղեր: Գործարանում աշխատելու են որակավորված մասնագետներ: Գործարանը պատրաստվել է միջազգային ստանդարտներին համապատասխան  ամենաբարձր  սարքավորումներով:  Արտադրամասի  տեխնիկան ամբողջովին իտալական է, որը կապահովի ամենաբարձր արդյունքը: Սննդի մշակումը  նույնպես  կլինի բարձր որակով»,- ասաց Նիկոլա Դի Մաուրոն՝ տեղեկացնելով, որ ապրանքատեսակների սպառման շուկան հիմնականում Ռուսաստանն է, ինչպես նաև  Իրանի մի հատվածը:

«Ես որոշեցի այս ծրագիրը Սյունիքում իրականացնել՝ հաշվի առնելով տեղական իշխանությունների պատրաստակամությունը  և տեղացիների նկատմամբ   նրանց ուշադրությունը: Մարզի ղեկավարությունը   փորձում է   տեղի բոլոր  խնդիրներին  լուծում տալ, ինչն  արտերկրյա բիզնեսի համար շատ կարևոր  գործոն է»,-եզրափակեց նա:


© 2009 ARMENPRESS.am