Էրդողանի դեմ մահափորձի գործով 34 մեղադրյալ դատապարտվել են ցմահ ազատազրկման

10:08, 5 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական դատարանը հրապարակել է Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ մահափորձ իրականացրած անձանց վերաբերյալ դատական վճիռը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken-ը, մեղադրյալներից 34-ը «հանրապետության նախագահի դեմ մահափորձ իրականացնելու», «սահմանադրական կարգը փոխել փորձելու», «ծրագրված սպանություն իրականացնելու» հիմնավորումներով դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Հեղաշրջման փորձի ժամանակ Էրդողանի օգնական Ալի Յազըջըն դատապարտվել է 18 տարի ազատազրկման: Մեղադրյալներից մեկը՝ նախկին լեյտենանտ Հուսեյն Յըլմազն անմեղ է ճանաչվել:

Էրդողանի դեմ մահափորձը տեղի էր ունեցել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ՝ Մարմարիսում գտնվող հյուրանոցներից մեկի վրա հարձակման միջոցով, որտեղ հանգստանում էր Թուրքիայի նախագահը: Կարճատև բախման ժամանակ Էրդողանի անվտանգությունն ապահովող ոստիկաններից 2 սպանվել էին:


© 2009 ARMENPRESS.am