Չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:11, 4 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը գրառում է կատարել հուշամատյանում:

Միլան Շտեխը նշել է, որ հայ ազգն անցյալում շատ կորուստներ է ունեցել եւ հավելել, որ այստեղ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, բազմաթիվ հայերի հոգիների պատմությունն է: «Ես ցանկանում եմ, որ Հայաստանը երբեք նման ոճրագործություն, ցեղասպանություն չտեսնի, երբեք չլինի ճնշված: Հայերը շատ ընկերական ու բարեկամական ազգ են եւ արժանի են անկախ ու խաղաղ կյանքի»,-ասել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը


© 2009 ARMENPRESS.am