Պետական պարգևներ են հանձնվել զբոսաշրջության ոլորտում նշանակալի ավանդ ներդրած անձանց և կազմակերպություններին
15:51, 3 Հոկտեմբեր, 2017ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեգերյան կարպետ ընկերության ձեռագործ գորգերի ցուցասրահ թանգարանում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից կազմակերպված Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին զբոսաշրջության պետական կոմիտեից, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շնորհավորել է ներկաներին Զբոսաշրջության միջազգային օրվա և Հայաստանի՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու 20-րդ տարեդարձի առիթով՝ նշելով, որ կառույցը կարևոր հարթակ է՝ փոխանակվելու զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ փորձով և գիտելիքներով՝ ինտեգրվելով համաշխարհային զբոսաշրջային համայնքին։
«Զբոսաշրջությունը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, այդ իսկ պատճառով, խիստ կարևորելով ոլորտի զարգացումը, Հայաստանի Կառավարությունը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում 2016 թվականի հոկտեմբերին հիմնադրեց Զբոսաշրջության պետական կոմիտեն, իսկ 2017 թվականին` Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, որոնք իրենց ջանքերը կմեկտեղեն՝ ապահովելու ոլորտի բարեփոխումները և դինամիկ աճը: Այս տարի առաջին կիսամյակում մենք ունենք 24,2% աճ, ինչը սակայն մեզ դեռ չի բավարարում։ Մեր համոզմամբ՝ առնվազն 3 անգամ աճ գրանցելու ճիշտ ներուժ կա մեր երկրում գրագետ և թիրախային աշխատանքի արդյունքում»,- նշել է Սուրեն Կարայանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ և հավելել․ «Մենք համատեղ ջանքերով զգալի հաջողությունների ենք հասել։ Նախ այս օրը թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ ակտիվ, արդյունավետ համագործակցության համար։ Մենք միասին ունենք դեռ շատ անելիքներ։ Մենք մեր առջև բազմաթիվ խնդիրներ ենք դրել և կարևոր խնդիրներից մեկը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է ողջ աշխարհում։ Զբոսաշրջությունը մեզ համար ինքնանպատակ չէ, քանի որ զբոսաշրջության վերջնական նպատակը երկրի տնտեսության կայուն զարգացումն է, համայնքների զարգացումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Մենք մեր հերթին, որպես զբոսաշրջության կոմիտե և զբոսաշրջության հիմնադրամ, ապահովում ենք զբոսաշրջիկների հոսքը, բայց շատ մեծ է մասնավոր հատվածի դերը այն ժամանակ, երբ զբոսաշրջիկն արդեն Հայաստանում է»։
Միջոցառման ընթացքում ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հանձնել են պետական պարգևներ ոլորտում նշանակալի ավանդ ներդրած անձանց և կազմակերպություններին։
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի Համար 1229-Ն որոշման առաջին հավելվածի 13-րդ կետի դ ենթակետի` Զբոսաշրջության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել են`
Միաժամանակ Արա Պետրոսյանին շնորհվել է ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ուղարկված պատվոգիր` ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտում արդյունավետ համագործակցության գործում անձնական ներդրումների համար:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի Համար 1229-Ն որոշման առաջին հավելվածի 13-րդ կետի դ ենթակետի` Զբոսաշրջության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի շնորհակալագրերով պարգևատրվել են`
Տոնական հանդիսությանը Հայաստանում գործող Եգիպտոսի, Արգենտինայի, Լեհաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Ճապոնիայի դեսպանությունները ներկայացրել են իրենց մշակույթը և զբոսաշրջային հնարավորությունները։ Արարողությունը շարունակվեց տոնական համարներով, երգ և երաժշտությամբ։
Հանդիսությանը ներկա էին զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ աշխատակիցներ, պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ։
© 2009 ARMENPRESS.am