Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» ժողովածուն հանձնվեց ընթերցասերների դատին
21:51, 28 Սեպտեմբեր, 2017ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի գրող Ալիս Մանրոյի արձակը շատ տեսաբաններ նմանեցնում են խճաքարերի, որոնք հավաքում ես ու խճապատկեր ստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Միջոցառումն անցկացվեց սեպտեմբերի 28-ին «Հայ գիրք» գրախանութում:
«Մանրոն երկրորդ անգամ է թարգմանվում հայերեն: Այս ժողովածուում ընդգրկված են մեր ընկալմամբ նրա լավագույն գործերը: Մանրոյի ամենահատկանշական կողմը նյութը խաղարկելու հմտությունն է. նա կարողանում է իր պատմվածքներում նոր համատեքստ ստանալ: Երթ այլ գրողները, օրինակ, Ուիլյամ Ֆոլկները համատեքստը միջավայրի, կերպարային փոխադրումների միջոցով է արտահայտում, ապա Մանրոն զգացողությունների ու հոգեբանության գրող է: Նրա արձակը շատ տեսաբաններ նմանեցնում են խճաքարերի, որոնք հավաքում ես ու խճապատկեր ստանում»,-ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
Գրքի թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով է աշխատել ժողովածուի վրա: «Մանրոն հաճախ է խոստովանել, որ ցանկացած պատմվածք գորղ մարդ երազում է վեպ գրել: Սակայն Մանրոն, Նոբելյան մրցանակի արժանանալով, ապացուցեց, որ պարտադիր չէ վեպ գրել, նոր գնահատվել: Նրա գործերում՝ այդ փոքր պատմվածքներում, հսկայական ասելիք կա»,-ընդգծեց թարգմանիչը:
«Պատրանքով տարված» գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են գրողի տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցողի:
Գիրքն անգլերենից թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջանյանը,
խմբագրել Հասմիկ Ալեքսանդրյանը:
Կանադացի ժամանակակից գրող Ալիս Էն Մանրոն հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թվականին արժանացել է Նոբելյան գրական մրցանակի:
Մանրոյի պատմվածքներում գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Օնտարիո նահանգի հարավ-արևմուտքում` Հուրոն շրջանում: Գրողն ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ` դրանք ներկայացնելով պարզ արձակ ոճով: Նրա բազմաթիվ պատմվածքների շնորհիվ Մանրոն մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի համբավն է ձեռք բերել, իսկ Սինթիա Օզիքը նրան անվանել է «մեր Չեխով»: Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Ալիս Մանրոն արժանացել է բազմաթիվ մրցանակների. 2013 թ. Նոբելյան Գրական մրցանակի` «ժամանակակից կարճ պատմվածքի ժանրում վարպետության համար», 2009-ին` Բուքերյան միջազգային մրցանակի` ստեղծագործական ամբողջ գործունեության համար: Բացի այդ` երեք անգամ արժանացել է Կանադայի Գլխավոր կառավարչի մրցանակին, 1996 թվականին պարգևատրվել է Կանադայի Գրողների վստահության Մարիան Էնգել մրցանակով, իսկ 2004-ին` Գրողների վստահության Ռոջըրս մրցանակով` «Փախուստի» համար:
© 2009 ARMENPRESS.am