Աշխատանքից ազատված մանկապարտեզի տնօրենը կատարել է կոպիտ խախտումներ. քաղաքապետարան

20:07, 26 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի հ.157 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Զարա Ադիյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով ստացված ահազանգն առ այն, որ վերոնշյալ մանկապարտեզի տնօրենը չհաշվառված, այսինքն սահմանված կարգով մանկապարտեզ չընդունված երեխայի է թույլատրել հաճախել մանկապարտեզ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ տարատեսակ մեկնաբանություններն ու անհարկի շահարկումները բացառելու նպատակով:

«Սույն ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաև պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ պաշտոնից ազատված տնօրենն իր բացատրագրում ընդունել է, որ կատարել է վերոնշյալ խախտումները: Սույնը հաշվի առնելով հորդորում ենք զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»,- նշված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am