Դիլհամ Ասքերովը չի ցանկանում նամակ գրել. ԿԽՄԿ-ն պարզաբանում է

19:02, 26 Սեպտեմբեր, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը մեկնաբանել է Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասքերովի ազգականների հայտարարությունները՝ նշելով, որ ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելում է ղարաբաղյան հակամարտության հետ կապ ունեցող դատապարտյալներին:

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև: Սակայն դատապարտյալն ինքն է որոշում՝ օգտվի հարազատների նամակներին մշտապես պատասխանելու իրեն տրված հնարավորությունից, թե ոչ: Այսպիսով, դեպքեր են պատահում, երբ դատապարտյալը կարող է և չցանկանալ նամակ գրել, և ԿԽՄԿ-ն հարգում է դատապարտյալի ցանկությունը»,- նշել է Էթերի Մուսայելյանը:

Նախօրեին Ասքերովի եղբայրը դժգոհել էր, որ այս տարվա մարտից իրենք Դիլհամ Ասքերովից ոչ մի տեղեկություն չունեն. «Մեզ ասում են, որ Դիլհամը չի ցանկանում նամակ գրել, խոսել տեսակապի միջոցով»:

Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։

Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:

 


© 2009 ARMENPRESS.am