Ախուրյանի ջրամբարի ջրի նմուշառումներն արդեն փորձաքննության մեջ են

17:56, 26 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախուրյանի ջրամբարի հետ կապված` ջրի նմուշառումներն արդեն վերցվել են, փորձաքննության մեջ են:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ներկայացնելով 2016-ի հոկտեմբերի 1-ից 2017-ի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի հաշվետվությունն, ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Հայաստանում, առհասարակ, ջրամբարների մասով պետք է ջրօգտագործման թույլտվություն ունենալ, ինչը նշանակում է, որ դրանց ջրբացթողումը չի կարող լինել ավելին, քան նրա` էկոլոգիապես ընդունելի մակարդակը: Ախուրյանի դեպքով` մենք երկրորդ խնդիր ունենք` սա երկու կողմից կառավարվող ջրամբար է, և մեկը մյուսով ուղիղ կապակցված: Այսինքն, երբ թուրքական կողմը բացում է ջրամբարի իր հատվածի ջուրը` հայկական կողմը չի կարող անտարբեր մնալ, և հակառակը: Պայմանավորված նրանով, որ այս ջրամբարի հիմնական նպատակը ոռոգմանը ծառայեցնելն է` կենսաբազմազանության հարցը երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների օրակարգում չի եղել»,- նշեց Մինասյանը:

 Գերատեսչության կողմից առաջարկ է եղել, որպեսզի ստեղծվի աշխատանքային խումբ, որ մշակվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները, թե՛ Ախուրյանի, թե՛ մյուս ջրամբարների մասով:

Մինասյանի պնդմամբ՝ նույնը վերաբերում է նաև «Ջավախեթի» և «Արփի լիճ» ազգային պարկերին: Դա է պատճառը, որ փորձել են միջազգային պլատֆորմ ստեղծել, որպեսզի խնդիրների մասին մեկ հարթակում հնարավորություն  լինի քննարկումներ ծավալել ու լուծումներ գտնել:

 


© 2009 ARMENPRESS.am