Վահան Մարտիրոյսանը կոչ է անում օգտվել կանոնավոր ուղևորափոխադրումներից

14:07, 26 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ օրենսդրական բարեփոխումների շրջանակներում կանոնակարգվել են միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով միջպետական ուղևորափոխադրումների ժամանակ վթարների աճի վերաբերյալ հարցին: Նա քաղաքացիներին հորդորեց օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից, որովհետև տվյալ ընկերությունների ավտոմեքենաներն  անցնում են պարտադիր տեխնիկական զննություն, ճանապարհ են դուրս գալիս երեք վարորդով, վարորդների աշխատանքային ռեժիմի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն, վարորդներն անցնում են բժշկական քննություն:

«Վթարներ կարող են պատահել նաև կանոնավոր ուղևորափոխադրումների պարագայում, սակայն նշածս գործոնները պատահարների քանակը նվազագույն են դարձնում: Կանոնավորների դեպքում տոմսերը վաճառվում են ավտոկայաններում և միայն ավտոկայանի հետ պայմանագիր ունեցող ենթակետերում»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:  


© 2009 ARMENPRESS.am