Նալբանդյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարի հետ

15:03, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ:

Խորվաթիայի արտգործնախարարը նշեց, որ ջերմությամբ է հիշում տարիներ առաջ իր այցելությունը Երևան, որից մնացել են շատ վառ տպավորություններ, և սպասում է Հայաստան այցելելու նոր առիթի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի և Խորվաթիայի արտգործնախարարները քննարկեցին արտգործնախարարությունների միջև խորհրդակցություների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Էդվարդ Նալբանդյանը Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հրավիրեց այցելել Հայաստան։


© 2009 ARMENPRESS.am