Կոտայքի մարզում այս տարի իրականացված ներդրումները կհանգեցնեն 2 հազար նոր աշխատատեղերի ստեղծման

11:56, 23 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզում 2017թ. իրականացված ներդրումների արդյունքներով 2018թ. մարզում կստեղծվի մոտավորապես 2 հազար նոր աշխատատեղ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: «Այս տարի մարզում բավականին լուրջ ներդրումներ են իրականացվել: Տարվա վերջին մենք մանրամասն տվյալներ կհրապարակենք և արդյունքները տեսանելի կլինեն»,- նշեց Գուլոյանը:

Նա ընդգծեց, որ ներդրումները հիմնականում կատարվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում: «Ունեցել ենք և տեղական, և օտարերկրյա ներդրումներ: Տարբեր բնագավառներում իրականացվել են ներդրումներ, սակայն մեզ համար կարևոր են այն ներդրումները,որոնք հանգեցնելու են տնտեսական աճի և նոր աշխատատեղերի ստեղծման»,- ընդգծեց մարզպետը:

Բացի տնտեսության զարգացմանը միտված ներդրումներից, մարզում 2017թ. ընթացքում իրականացվել են նաև ճանապարհաշինական ակտիվ աշխատանքներ, ինչը ևս մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստող հանգամանք է: Կարապետ Գուլոյանը վստահ է, որ 2017թ. մարզում իրականացված աշխատանքները, տարբեր բնագավառներում արված ներդրումները 2018թ. անպայման տալու են իրենց դրական արդյունքը տնտեսական աճի և նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:


© 2009 ARMENPRESS.am