Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 20-ի համեմատ նվազել է 2 սանտիմետրով

20:42, 22 Սեպտեմբեր, 2017

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մի կողմից տեւական երաշտը, մյուս կողմից ոռոգման նպատակներով հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրառ կատարելը բացասաբար են անդրադարձել Սեւանա լճի մակարդակի դրական հաշվեկշռի ապահովման վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 56 սանտիմետր բարձրության վրա, ինչը 2 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Նույն աղբյուրի համաձայն՝ 2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 266 միլիոն խորանարդ մետր ջուր: ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այս տարի նախատեսված է Սեւանա լճից կատարել 270 միլիոն խորանարդ մետր ջրառ, կամ 100 միլիոն խորանարդ մետր ծավալով ավելի, քան սահմանված է «Սեւանա լճի մասին» օրենքով:Իսկ այս տարվա ընթացքում գրանցված առավելագույն նիշի՝ 1900 մետր 91 սանտիմետրի համեմատ Սեւանի մակարդակը նվազել է 35 սանտիմետրով:Սեպտեմբերի 20-ի դրությամբ Սեւանա լճից դադարեցված են նաեւ ջրբացթողումները:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am