«Արարատյան բակալավրիատ» ծրագրում ներգրավվելու են ավագ դպրոցներն ու ուսուցիչները

18:37, 22 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրում ներգրավվելու են նաև ավագ դպրոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«ՀՀ մարզերի և Արցախի 21 դպրոց ներառվել է «Արարատյան բակալավրիատի» դպրոցների թեկնածության փուլում։ Մեկնարկել է ԱԲ ծրագրում ուսուցիչների ներգրավվման գործընթացը։ Այս պահին ծրագրում ներառվել է ՀՀ մարզերի և Արցախի շուրջ 110 ուսուցիչ», - նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել և այն ներկայացվել է կառավարությանը:

«Ֆինանսավորման բանաձևով չեն կարող գործել այն դպրոցները, որոնք ունեն 300 աշակերտ և միևնույն ժամանակ նրանք, որոնց աշակերտների թիվը մի քանի անգամ գերազանցում է 300-ը։  Հուսով եմ, որ 2019-ին հնարավոր կլինի անցում կատարել ֆինանսավորման նոր բանաձևի»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը։


© 2009 ARMENPRESS.am