Կատալոնիայի կառավարությունն ագրեսիայի ենթարկվեց Իսպանիայի ՆԳՆ-ի կողմից. Կառլես Պուչդեմոն

17:30, 20 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարությունը պլանավորված ագրեսիայի զոհ Է դարձել Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել Է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ արձագանքելով այն խուզարկություններին ու ձերբակալություններին, որոնք կատարվել են ինքնավարության մի շարք գերատեսչություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կատալոնիայի կառավարությունը կոորդինացված ագրեսիայի զոհ Է դարձել Իսպանիայի ներքին գործերի նախարարության ոստիկանության ուժերի կողմից»,- Պուչդեմոնի խոսքը մեջբերվում Է Twitter-ում Կատալոնիայի կառավարության պաշտոնական Էջում: «Այդ ագրեսիան ոչ մի օրինական հիմք չունի»,-հավելել Է նա:

«Այս ամենը կատարվել Է օրենքի գերակայության եւ սահմանադրական բոլոր երաշխիքների, ինչպես նաեւ ԵՄ-ի մարդու իրավունքների խարտայի խախտմամբ»,-ընդգծել Է Պուչդեմոնը:

Սեպտեմբերի 20-ին ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկություններ Է կատարել Կատալոնիայի կառավարության մի քանի դեպարտամենտների գրասենյակներում: Ձերբակալվել են Կատալոնիայի Էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեն ու եւս 11 մարդ, այդ թվում՝ Կատալոնիայի հարկային գերատեսչության ղեկավարը եւ հեռահաղորդակցությունների, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցներ:

EFE գործակալության տվյալներով՝ խուզարկությունները կարող են կապված լինել ինքնավարության անկախության՝ հոկտեմբերի 1-ին պլանավորված հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի որոնման հետ: Քաղաքացիական գվարդիայի գործողությունից հետո Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը գումարել Է կառավարության գործադիր կոմիտեի արտահերթ նիստ: Ներկայում Բարսելոնայի կենտրոնում երկու հազար բողոքավորներ են հավաքվել Իսպանիայի իշխանությունների գործողությունների դեմ: Ցուցարարները վանկարկում են՝ «Մենք կքվեարկենք» եւ պլակատներ են պարզել «Թող սա տեսնի ամբողջ Եվրոպան», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am