«Գրքաբաց» ծրագրի շրջանակում Երևանի և ՀՀ մարզերի դպրոցները նոր ընթերցասրահներ կունենան

17:11, 20 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների նախաձեռնած առաջին «Գրքաբաց» ծրագրի շրջանակում Երևանի, Հայաստանի տարբեր մարզերի, ինչպես նաև Արցախի դպրոցներում նոր, լուսավոր ու գեղեցիկ ընթերցասրահներ կբացվեն: Առաջինը Աշոտ Նավասարդյանի անվ 196 միջ. դպրոցն է, որտեղ սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Գրքաբաց» ծրագրի բացման հանդիսավոր միջոցառումը: 

««Գրքաբաց»-ը ոչ միայն ընթերցանության նոր մշակույթ է երեխաների համար, այլև կարծիքների, մտքերի փոխանակման նոր ու ժամանակակից հարթակ: Նախապես հայտարարվեց մրցույթ, որին մասնակցելու հայտ ներկայացրեցին Երևանի  ավելի քան տասը դպրոցներ: Ընտրվեց Աշոտ Նավասարդյանի անվ 196 միջ. դպրոցը, քանի որ այն բավականին ակտիվ մասնակցում է տարբեր միջոցառումների և ունի ավելի քան 400 աշակերտ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց  ծրագրի կամավոր Ինգա Վարդանյանը:

Երևանի՝ Ա. Նավասարդյանի անվան N 196 դպրոցի դասասենյակներից մեկի պատերն այսուհետև կզարդարեն հայտնի գրքերի սիրելի հերոսների կերպարները: Դասասենյակի վերանորոգման և նկարչական աշխատանքները կատարվել են բացառապես կամավորական հիմունքներով:

Նա շեշտեց, որ ծրագրի շրջանակում ամեն ամիս մշակույթի տարբեր գործիչներ կհյուրընկալվեն դպրոցում և տարրական դասարանների երեխաների համար կկազմակերպեն հեքիաթների ընթերցանություն, քննարկումներ: Նրանք  կստորագրեն տվյալ գիրքն ու այն կնվիրեն տվյալ դպրոցին:

Ինգա Վարդանյանի խոսքով` սա առաջին ծրագիրն է, այդ իսկ պատճառով այն իրականացվում է Երևանում: «Մենք ցանկացանք տեսնել, թե որքանով է այն արդյունավետ: Ընդգծեմ, որ անգամ հայտնի մարզիկներն են մեզ դիմել` նշելով, որ ցանկանում են մասնակցել այս նախաձեռնությանը, որը շարունակական բնույթ կունենա»,-ասաց նա:

ՀԲԸՄ Երիտասարդ Արհեստավարժների (AGBU YP) համաշխարհային ցանցը ստեղծվել է 1995 թվականին, իսկ Երևանյան խումբը, համաշխարհային ցանցի մի մասն է կազմում, որը ստեղծվել  է 2007-ին: Այն աշխարհի ամենամեծ երիտասարդական ցանցն է, որն ունի ավելի քան 18.000 կամավոր: Կամավորների գործունեության հիմնական նպատակն է իրականացվող ծրագրերի միջոցով զարգացնել Հայաստանի տարբեր ոլորտները ՝ կրթական, մշակութային, քաղաքական և այլն:


© 2009 ARMENPRESS.am