Արցախն արժանի է միջազգային ճանաչման. կոնգրեսական Փալոուն

21:07, 19 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը, փաստացի լինելով անկախ պետություն, իսկապես արժանի է միջազգային ճանաչման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի  անդամ Ֆրենկ Փալոունը: Բակո Սահակյանը նրան ու ևս երկու կոնգրեսականի շնորհեց երախտագիտութան մեդալներ:

«Հանդիպումը շատ արդյունավետ ենք համարում: Երախտապարտ ենք, որ մեզ հանձնվեցին պետական պարգևներ: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջ ընթանա: Մեր գործընկերներից  մեկը եղել է այնտեղ, մենք նույնպես այցելելու ենք»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը՝  հաստակակամություն հայտնելով, որ պետք է ջանքեր գործադրվեն տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման ուղղությամբ:

«Արցախի հայկական լինելը շատ կարևոր  է  տարածաշրջանում այդ խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար»,- եզրափակեց նա:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան  է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:

 

 


© 2009 ARMENPRESS.am