«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը հայաստանյան համայնքներում

16:40, 19 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը իր գործունեության 14 տարիների ընթացքում օգնություն է տրամադրել 44 գյուղերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենը: Նրա խոսքով՝ արդեն իսկ 44 գյուղերում իրականացվել են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր

«Այն ժամանակ նկատեցինք, որ  երեխաները չունեն միջոցներ իրենց կարողությունները  օգտագործելու համար, ուստի մենք տրամադրեցինք այդ միջոցները: 14 տարվա ընթացքում արդեն 44 գյուղերում այդ աշխատանքները իրականացվել են, սակայն ցանկանում ենք մեր գործունեությունը ընդլայնել այլ գյուղերում: Դրա համար մենք ստեղծեցինք ՍՄԱՐԹ մոդելը»,- ասաց Գարո Արմենը:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը շատ աշխատասեր է, սակայն աշխատասիրությունը պետք է ճիշտ օգտագործվի, ուստի ՍՄԱՐԹ մոդելը հենց դրան է միտված:

«20 ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու համար անհրաժեշտ է 200 միլիոն դոլար: Այն չնչին գումար է մեծահարուստ հայ բարերարի համար, սակայն խիստ անհրաժեշտ գյուղական համայնքներին»,- նշեց Գարո Արմենը:


© 2009 ARMENPRESS.am