Իրաքի քրդերը թանկ կվճարեն. Թուրքիան հորդորում է հրաժարվել անկախության հանրաքվեից

17:32, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան հերթական անգամ կոչ է արել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը հրաժարվել անկախության հանրաքվեից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական T24-ը, այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Ակնկալում ենք, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը հետ դառնա այս սխալ որոշումից: Այս որոշումը նրանց մեկուսացման է դրդելու, Իսրայելից բացի այլ աջակիցներ չկան»,- նշել է Քալընը:

Ավելի վաղ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: Թուրքիայի ԱԳՆ-ից նշել են, որ անկախության հանրաքվե անցկացնելու համար Իրաքի քրդերը մեծ գին կվճարեն:

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարները հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին: 

 


© 2009 ARMENPRESS.am