Հայաստանը օրգանական գյուղմթերք արտահանելու մեծ ներուժ ունի

16:43, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն օրգանական գյուղմթերք արտահանելու մեծ ներուժ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Օրգանական գյուղատնտեսություն աջակցության նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը:

«Չնայած Հայաստանում ոչ բոլոր վայրերն են պիտանի օրգանական արտադրություն հիմնելու համար, սակայն շատ վայրեր, հատկապես հիանալի բնությամբ բարձրադիր հատվածները հարմար են օրգանական արտադրություն սկսելու համար»,-ասաց Դեյվիդ Մուքենհուբերը:

Նրա խոսքով՝ այս տարի փետրվարին Գերմանիայում իրականացած օրգանական փառատոնին հայկական արտադրանքի նկատմամբ մեծ հետաքրքրություն է եղել:

«Մենք ներկայում աշխատում ենք շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ , ոչ թե կենտրոնանում մեկ շուկայի վրա: Եվրոպական շուկան մեծ պոտենցիալ է հայկական օրգանական արտադրողների համար»,- ասաց դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավարը:

Նրա խոսքով՝ «Օրգանական գյուղատնտեսություն աջակցության նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագիրը Հայաստանում նպաստում է օրգանական գյուղատնտեսության զարգացմանը: Դրա շնորհիվ տրվում են դրամաշնորհներ, ինչպես նաև նյութատեխնիկական աջակցություն:


© 2009 ARMENPRESS.am