Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնին ժյուրին

13:05, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուղերձ առ մարդը» (Послание к человеку)  վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի  ամենամյա  միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 22-ը: Փառատոնն անց է կացվում 1989 թ-ից Սանկտ Պետերբուրգում: «Ուղերձ առ մարդը» փառատոնի ծրագրերում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ հիմնական առանձնահատկությունը հումանիզմն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» կինոփառատոնից, «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին այս տարի կնախագահի ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Կինոյում նրա առաջին քայլերը ևս կապված են այս փառատոնի հետ. հեղինակի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ներկայացված են եղել առաջին փառատոնի հիմնական ծրագրում, իսկ «Վերադարձ ավետյաց երկիրն» էլ 1993-ին արժանացել է երեք մրցանակի:    


© 2009 ARMENPRESS.am