ԱԺ-ն միաձայն հաստատեց Հայաստանի և Բրազիլիայի միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը

12:56, 14 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր:

Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը հայտնեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. դեկտեմբեր: «Այն հանդիսանում է նմանատիպ թեմայով տիպային համաձայնագիր: Հայաստանը տարբեր երկրների հետ ունի նման համաձայնագրեր»,- ընդգծեց Մելքոնյանը:

Նա մանրամասնեց, որ համաձայնագրի շրջանակներում նախատեսվող ծրագրերը և միջոցառումները ենթակա են քննարկման և հաստատման առանձին համաձայնություններով: «Համաձայնագրի նպատակն է կողմերի միջև նախանշված գերակա ոլորտներում տեխնիկական համագործակցության խթանումը»,- ասաց փոխնախարարը:  

Համաձայնագիրն ընդհանուր առմամբ նախատեսում է շրջանակային կարգավորումներ: Այն  նաև հստակ նախատեսում է, որ կողմերի միջև որպես տեխնիկական աջակցություն կամ տեխնիկական համագործակցություն համարվող ծրագրերի շրջանակներում իրականացվող որոշակի նյութատեխնիկական ապրանքների շրջանառությունը ենթակա է հարկերից ազատման:


© 2009 ARMENPRESS.am