ՀՀ ոստիկանությունն ստեղծում է անվավեր ճանաչված վարչական ակտերն իր կայքում չարտացոլելու հնարավորություն

21:32, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Lragir.am կայքի «Քաղաքացուն տուգանել են ուրիշի կատարած երթևեկության խախտումների համար» վերնագրով հրապարակմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ նշված է. «Lragir.am կայքի 12.09.2017թ-ի «Քաղաքացուն տուգանել են ուրիշի կատարած երթևեկության խախտումների համար» վերնագրով հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ թիվ 1706751392 վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ նկարագրված իրավախախտումը թույլ է տրվել «ՎԱԶ-2106» մակնիշի 33OV992 համարանիշի ավտոմոբիլով, սակայն օպերատորի կողմից սխալմամբ նշվել է 33VO992 համարանիշը, ինչի հետևանքով էլեկտրոնային համակարգը վարչական տույժ նշանակելու մասին որոշման նախագիծը կազմել է ՎԱԶ-21213 մակնիշի 33VO992 համարանիշի ավտոմոբիլի սեփականատիրոջ անվամբ: Տեխնիկական վրիպակը հայտնաբերվել է վարչական ակտերի առաքումից առաջ իրականացվող վերջնական ստուգման ժամանակ, որից հետո վարչական ակտը համարվել է առ ոչինչ և չի առաքվել, սակայն արտացոլվել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում: Ներկայումս տեխնիկական հնարավորություն է ստեղծվում անվավեր ճանաչված վարչական ակտերը Ոստիկանության կայքում այսուհետ չարտացոլելու համար»:


© 2009 ARMENPRESS.am