Արաբական երկրների ԱԳ նախարարները Իրաքյան Քուրդիստանում կայանալիք հանրաքվեն համարել են անօրինական

19:58, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն անօրինական են համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Արաբական երկրների լիգայում Իրաքի ներկայացուցիչ Հաբիբ աս-Սադրը:

Կահիրեում՝ կազմակերպության կենտրոնակայանում, սեպտեմբերի 12-13-ին կայացել է արաբական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի քննարկման թեմաներից մեկն էլ Իրաքում ստեղծված իրավիճակն էր:

«Նախարարները որոշել են աջակցություն հայտնել Իրաքի տարածքային ամբողջականությանը, իսկ այդ հանրաքվեն համարել են ոչ միայն Իրաքի միասնության, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար սպառնալիք»,- ասել է Հաբիբ աս-Սադրը:


© 2009 ARMENPRESS.am