Ոստիկանները կասեցրել են արտարժույթի ապօրինի առքուվաճառքի գործունեությունը Իջևանի շուկայում

19:42, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 12-ին ոստիկանության Իջևանի բաժին բերման են ենթարկել Գագիկ Ալավերդյանին: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 57-ամյա Ալավերդյանն Իջևանի շուկայի տարածքում արտարժույթի ապօրինի վաճառք էր իրականացնում՝ չունենալով համապատասխան լիցենզիա: Ոստիկանությունում պարզվել է, որ Գագիկ Ալավերդյանը վեց ամսվա ընթացքում շուրջ 450 հազար դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ է կատարել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

54-ամյա Սերժիկ Հարությունյանին ևս Ոստիկանության Իջևանի բաժին բերման են ենթարկել սեպտեմբերի 12-ին: Կասկածանքն արտարժույթի ապօրինի առքուվաճառքով զբաղվելն է: Ըստ Հարությունյանի բացատրության՝ 5 ամսվա ընթացքում Իջևանի շուկայի տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է շուրջ 300 հազար դոլարի արտարժույթի ապօրինի փոխանակման գործարքներ:

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:


© 2009 ARMENPRESS.am