Հայաստանի համայնքային ծառայության համակարգը վերանայման փուլում է

18:06, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Տալլինի զարգացման և վերապատրաստման կենտրոնի գործադիր խորհրդի նախագահ Տոոմաս Ստեպի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նաև  Արևելյան գործընկերության Էստոնական կենտրոնի տնօրենի տեղակալ  Տիինա Իլսենը և Տալլինի զարգացման և վերապատրաստման կենտրոնի խորհրդի անդամ Կալլե Ստեպը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Դավիթ Լոքյանի անունից ողջունելով էստոնացի հյուրերին` Վ.  Տերտերյանն ասել է, որ երկար տարիներ  համագործակցություն է ծավալվել Էստոնիայի հետ  տարբեր ծրագրերի շրջանակներում: «10 տարի մենք ունենք համայնքային ծառայության համակարգ և երբ այն  դեռ նոր էր ձևավորվում,  ուշադիր ուսումնասիրում էինք ձեր փորձը: Հիմա մենք համայնքային ծառայության համակարգի կատարելագործման փուլում ենք: Մենք ամեն օր շփվում ենք համայքների հետ և մեզ համար մի շարք խնդիրներ ենք վերհանել` կապված մրցույթների անցկացման, վերապատրաստման, նաև նոր մարտահրավերներին պատրաստ լինելու պահանջների հետ»,-ասել է Վ. Տերտերյանը,  ընդգծել,  որ իր նպատակն է համայնքային ծառայության համակարգում  տեսնել բարձրակարգ մասնագետների:  Նա վստահություն է հայտնել, որ էստոնական պատվիրակության հետ ՏԿԶՆ վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության պետ Արա Ռոստոմյանի և վարչության աշխատակիցների  համագործակցությունը կարևոր կլինի նաև փորձի փոխանակման առումով:

Արա  Ռոստոմյանն իր հերթին ողջունելով հյուրերին` տեղեկացրել է, որ համայնքային ծառայության մասին գործող օրենսդրությամբ Հայաստանում միայն  կենտրոնացված վերապատրաստում է տեղի ունենում, համայնքային ծառայողները պարտադիր 3 տարին մեկ  վերապատրաստվում են: «եղեկացված եմ, որ Էստոնիայում համայնքային ծառայողի  կարիքները գնահատվում են համայնքներում և համայնքներից են գալիս առաջարկները: Մենք  նախատեսում ենք մեզ մոտ  վերապատրաստումը դարձնել ըստ պահանջի»,-ասել է Ա. Ռոստոմյանը:

Էստոնական պատվիրակության ղեկավար Տոոմաս Ստեպը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ասել, որ շատ արդյունավետ համագործակցության մեծ ակնկալիքներ ունեն:  Հանդիպման ժամանակ Տ. Ստեպը ներկայացրել է համայնքային ծառայության զարգացման վերաբերյալ ծավալուն տեղեկատվություն, տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

Այցի շրջանակներում, սեպտեմբերի 14-ին նախատեսվում է այց  Դիլիջան խոշորացված համայնք, որտեղ պատվիրակությունը կծանոթանան ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին, կքննարկվեն համայնքային ծառայությանը վերաբերող հարցեր: 


© 2009 ARMENPRESS.am