Հոկտեմբերից Գյումրիի օդանավակայանից իրականացվող թռիչքների քանակը կավելանա

17:51, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու Գյումրիում, ինչպես նաև մյուս համայնքներում տնտեսական ծրագրերի իրականացմանը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հարցին: «Մենք չենք կարծում, որ հարկային արտոնություններով է, որ մենք պետք է Գյումրին զարգացնենք: Հատկապես այն պարագայում, երբ մենք ներմուծման ժամանակ ունենք հատուկ գործիքակազմ, երբ ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի հետաձգում ենք նախատեսում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կարապետյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը ստացել է հանձնարարություն՝ զբաղվել Գյումրիի զարգացման ծրագրով: Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց պատգամավորի դիտարկմանը, որ Գյումրիում զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ կա: «Դրա համար մենք նախաձեռնել ենք Կումայրիի ծրագիրը, որը իր բնույթով կորպորատիվ նոր մշակույթ է բերում իր հետ: Ես համոզված եմ, որ Գյումրիի զբոսաշրջային գրավչության ներուժը մենք լիարժեք չենք օգտագործում, սակայն լինելու է համալիր ծրագիր: Դուք գիտեք, որ մենք աշխուժացրել ենք Գյումրիի օդանավակայանի աշխատանքը: Երկու ավիաընկերություն արդեն աշխատում է այդ օդանավակայանում, իսկ հոկտեմբերից ավելանալու է թռիչքների քանակը»,- նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև հայտնեց, որ Գյումրիի օդանավակայանում աշխատող ավիաընկերությունների առջև հստակ խնդիր են դրել՝ մեծացնել թռիչքների աշխարհագրությունը:

 


© 2009 ARMENPRESS.am