Նալբանդյանն ընդունել է Իսրայելի Կնեսեթի խորհրդարանական պատվիրակությունը

15:10, 13 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 13-ին ընդունեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ Իսրայելի հետ բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը և «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատվում է երկկողմ փոխայցելությունների ակտիվացում, ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից՝ համոզմունք հայտնելով, որ պարեբական շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` իսրայելցի խորհրդարանականները նշեցին, որ իրենց եռօրյա այցի ծրագիրը բավականին հագեցած է, ինչը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներով քննարկել համոգործակցության խորացման հարցեր։

Արտգործնախարարը կարևորեց Հայաստանի և Իսրայելի միջև միջխորհրդարանական ձևաչափով համագործակցությունը՝ ընդգծելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը հայ-իսրայելական հարաբերությունների ամրապնդման գործում:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նաև, որ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը դառնում է երկու երկրների հասարակությունների միջև երկխոսության կարևոր հարթակ, ինչի վկայությունն է ֆորումի երրորդ նիստի անցկացումը Երևանում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ընդգծեցին գործարար կապերի խթանման անհրաժեշտությունը, անդրադարձ արվեց մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման հնարավորությանը։ 

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։ 


© 2009 ARMENPRESS.am