Վախճանվել է բրիտանական թատրոնի «կնքահայրը»՝ ռեժիսոր Փիթեր Հոլը

16:28, 12 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 86 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում վախճանվել Է Թագավորական շեքսպիրյան ընկերության հիմնադիր եւ Ազգային թատրոնի նախկին գլխավոր ռեժիսոր սըր Փիթեր Հոլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ազգային թատրոնի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում Է, որ նա սեպտեմբերի 11-ին մահացել Է Լոնդոնի Համալսարանական քոլեջի հիվանդանոցում՝ ընտանիքի անդամների շրջապատում: 2011 թվականին նրան դեմենցիա Էին ախտորոշել:

1960 թվականին 29 տարեկան հասակում Փիթեր Հոլը Ուիլյամ Շեքսպիրի հայրենիքում՝ Էյվոնի Սթրաթֆորդում, հիմնել Է Թագավորական շեքսպիրյան ընկերությունը (RSC)` մշտապես գործող թատրոն Շեքսպիրի ու նրա ժամանակակիցների պիեսների բեմադրության համար:

Նա RSC-ի ղեկավարն Էր մինչեւ 1968 թվականը:

1973 թվականին Փիթեր Հոլը գլխավորել Է Ազգային թատրոնը, եւ հենց նրա ղեկավարությամբ թատրոնը տեղափոխվեց Թեմզայի հարավային ափին հատուկ նրա համար կառուցված հսկայական համալիր:

«Մենք բոլորս կանգնած ենք հսկաների ուսերին, իսկ Փիթեր Հոլի ուսերը պահում Էին ողջ բրիտանական թատրոնը՝ ինչպիսին մենք այն գիտենք»,-հայտարարել Է Ազգային թատրոնի ներկայիս ղեկավար, ռեժիսոր Ռուֆուս Նորիսը: Ազգային թատրոնի ղեկավարի պաշտոնում նրան փոխարինածները նույնպես նշել են Հոլի հսկայական ավանդը Մեծ Բրիտանիայում թատերական արվեստի զարգացման գործում:


© 2009 ARMENPRESS.am