«Ծառուկյան» դաշինքի օրակարգում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարց չկա

15:30, 12 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան» դաշինքի օրակարգում իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հարցին՝ պատրա՞ստ է «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, եթե կառավարությունն ընդունի  դաշինքի առաջարկած 15 կետերը, Մելքումյանը պատասխանեց.

«Եթե այդպիսի հարցադրում լինի, կքննարկենք: Քաղաքականությունը «եթե»-ներով չի լինում։ Այս պահին այդ հարցը չենք քննարկում։ Երբ լինի հարցադրում, այդ ժամանակ էլ կքննարկենք: Չեղած հարցի շուրջ քննարկում չենք անում»:

Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ «Ծառուկյան» դաշինքը գործում է ընդդիմադիր դաշտում: Նրա խոսքով՝ եթե իշխանություն չեն, հետևաբար ընդդիմություն են:


© 2009 ARMENPRESS.am