«Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հնագիտական պեղումները կշարունակվեն հոկտեմբերին

14:37, 7 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված  դամբարանը կարեւոր տեղեկություններ է հաղորդում  մ.թ.ա 18-րդ դարից մինչեւ մեր թվարկության 13-րդ դարն ընկած ժամանակահատվածի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում հնագիտական պեղումների արդյունքներին նվիրված ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական քարտուղար, արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

«Այստեղ պեղումները սկսվել են 2014 թվականին:  2015 եւ 2016 թվականներին հիմնականում  անցկացվել են չափագրման, լուսանկարահանման, տեղազննության եւ այլ աշխատանքներ: Այս տարի գիտության պետական կոմիտեի աջակցությամբ  ձեռնարկեցինք պեղումները: Խնդիր կար հնագիտական համակողմանի ուսումնասիրության արդյունքում վեր հանել այս հուշարձանի պատկանելությունը, գոյատեւման  ժամանակաշրջանը, մշակութային փոփոխությունները, որոնք այստեղ տեղի են ունեցել: Պեղումները ցույց են տվել, որ սա 18 մ տրամագիծ ունեցող կրոմլեխով եւ արեւմտյան կողմից դեպի տան բնախուց տանող ստորգետնյա ճանապարհով հետաքրքիր մի կառույց է:  Կարելի է արեւմտյան կողմից  7 մ գետնի տակով մոտենալ դամբարանախցին եւ  իջնել դրա մեջ, որը եւս շուրջ 7 մ երկարություն եւ 3 մ լայնություն ունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ դամբարանախուցը պեղվել է շուրջ 2.5 մ-ի  չափով, ապա մաքրվել, իսկ հայտնաբերված նյութերի հիման վրա կարելի է ասել, որ այստեղ  

4 տարբեր շրջափուլերում իրականացվել են թաղման արարողություններ:

«Ամենահին նյութը, որ ունենք այստեղ, մոտավորապես մ.թ.ա. 18-17 դարերի միջին բրոնզեդարյա գունազարդ խեցեղեն բեկորներ են:  Այստեղ նաեւ թաղումներ կատարվել են մ.թ.ա. 15-14 դարերում՝ ուշ բրոնզի շրջափուլում, 11-9 դարերում՝ վաղ երկաթե դարաշրջանում:  Հետաքրքիր է, որ  այս խցում ունենք  նաեւ 5-4, ինչպես նաեւ 1-ին դարերի՝ հավանաբար մանկան թաղման փաստ: Ցավոք, դամբարանը հնում թալանվել է:  Ծածկասալերի մի քանիսը կոտրվել եւ ընկել էին դամբարանախցի մեջ, այսպես ինչ-որ առումով պահպանվել են թալանումից պահպանված նյութը. մենք զգուշությամբ այդ ծածկասալերը բարձրացրել եւ  աշխատանքներ ենք իրականացնել»,-ներկայացրեց Աշոտ Փիլիպոսյանը:

Դամբարանում նաեւ հայտնաբերվել են մոտ 5 արկղի չափով՝ կենդանիների ոսկորներ՝  հավանաբար խոշոր եղջերավոր անասունների, թռչունների եւ այլն:

«Հայտնաբերվել են նաեւ մեծ քանակությամբ երկաթե տեգեր, երկաթե կեռ դանակ, տասից ավելի բրոնզե ապարանջան, մատանիներ, ականջօղեր եւ կավից պատրաստված հուլունքահատիկներ: Սյունիքի այս հատվածը մեծ մշակութային կապեր է ունեցել իրանական հյուսիս-արեւմտյան շրջանների հետ, եւ դրա  վկայությունը   բաց դարչնաշագանակագույն  ծորակավոր նյութի բեկորներն են: Նման նյութերից բավականին շատ են եղել Իրանի հենց այդ հատվածում»,-ասաց արշավախմբի ղեկավարը՝ հավելելով, որ հայտնաբերվել է չորս մարդկային գանգ, եւ հետագա ուսումնասիրությունների արդյունքում միայն պարզ կլինի տարիքն ու սեռը:  

Ամփոփելով արդյունքները՝ Աշոտ Փիլիպոսյանը նշեց, որ սա մի կառույց է, որն  անկասկած պատկանել է սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող անձնավորության, ըստ երեւույթին, այստեղ տեղի են ունեցել մարդկային եւ կենդանական   թաղումներ:

«Եվ մի հետաքրքրիր փաստ եւս. այն բանից, հետ երբ այն թալանվել եւ չի օգտագործվել որպես դամբարան, հավանաբար  12-րդ կամ 13-րդ դարերում՝ սելջուկների կամ մոնղոլների արշավանքների ժամանակ, ըստ ամենայնի՝ ծառայել է որպես թաքստոց շրջակա միջավայրի բնակիչների համար մոնղոլների կամ սելջուկների հարստահարություններից խուսափելու նպատակով»,-եզրափակեց նա:

Սա հնավայրի ընդամենը մի հատվածում իրականացված պեղումների  արդյունքներն են, իսկ մյուս հատվածների պեղումները կշարունակվեն հոկտեմբերին:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am