Մոսկվայի դատարանը ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին դատապարտեց 12 տարվա ազատազրկման

12:26, 7 Սեպտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի օկրուգային զինվորական դատարանը սեպտեմբերի 7-ին 12 տարվա ազատազրկման Է դատապարտել ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին, որն անցյալ տարի պատանդներ Էր վերցրել «Սիթիբանկի»՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Դատարանը որոշեց Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով («Երկու եւ ավելի անձանց պատանդառություն՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ») եւ 205-րդ հոդվածի առաջին մասով («Ահաբեկչական գործողություն») եւ նրան պատիժ նշանակել 12 տարվա ազատազրկման տեսքով: Նա պատիժը կրելու Է խիստ ռեժիմի գաղութում»,-դատավճիռը հրապարակել Է դատավորը: Բացի այդ, դատարանը Պետրոսյանի ազատության սահմանափակում Է նշանակել մեկ տարի ժամկետով. պատիժը կրելուց հետո նա առանց մասնագիտացված պետական մարմնի թույլտվության չի կարողանա մեկնել Մոսկվայի մարզի սահմաններից դուրս եւ փոխել բնակության վայրը: Պետրոսյանը կալանքի տակ Է վերցվել դատարանի դահլիճում: Դուրս գալով նիստերի դահլիճից՝ նա բացականչել Է. «Պատմությունն ինձ կարդարացնի»:

Ավելի վաղ Արամ Պետրոսյանը հայտարարել Է, որ մասամբ Է իրեն մեղավոր համարում: Նրա խոսքով՝ ինքը զղջում Է կատարած հանցագործության համար: «Ես ահաբեկիչ չեմ, ես նախագահի զինվորն եմ: Ես ցանկանում եմ պատիժ ստանալ իմ կատարած հանցագործությանը համաչափ»,-նշել Է գործարարը:

2016 թվականի օգոստոսի 24-ի երեկոյան Պետրոսյանը չորս մարդու Է պատանդ վերցրել Մոսկվայի Մեծ Նիկիտսկայա փողոցի բանկում՝ սպառնալով պայթեցնել իր կրծքի վրա գտնվող առարկան, որը նման Էր պայթուցիկ սարքի: Չնայած սպառնալիքներին, նա երեկոյի ընթացքում ազատ Է արձակել պատանդներին ու հանձնվել:

Հոգեբուժական փորձաքննության եզրակացությունների համաձայն, մեղադրյալը մեղսունակ Է եւ գիտակցել Է իր գործողությունների բնույթը:

Պետրոսյանը միջադեպից չորս տարի առաջ խնդիրներ Է ունեցել բիզնեսում եւ պարտքերի տակ Է ընկել: Այդ ժամանակվանից ձեռնարկատերը պարբերաբար ձեռնարկատերերի աջակցման նախաձեռնություններ Էր ուղարկում պետական իշխանության մարմիններ: Պատանդառությունից առաջ Պետրոսյանը YouTube-ում տեսահոլովակ Է զետեղել, որում դիմել Է Ռուսաստանի նախագահին եւ նախազգուշացրել, որ «կդիմի ՌԴ քրեական օրենսգրքի կտրուկ, ռեզոնանսային խախտման»:


© 2009 ARMENPRESS.am