«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

10:49, 3 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Այս մասին երկրի ղեկավարն ասել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին մասնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով բազեականների հարցերին։ Նախագահն անդրադարձել է նաև պաշտոնը թողնող ԵԱԿՀ ամերիկացի համանախագահող Ռիչարդ Հոգլանդի օրերս արած հայտարարության և Սոչիում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների վերաբերյալ վերլուծություններին, որոնցով Հոգլանդի հայտարարության ժամկետը պատահական չէր համարվում:

Ամերիկացի դիվանագետ Էնդրյու Շոֆերը պաշտոնապես ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հեզեր Նոյերթի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է եվրոպական ու միջազգային կազմակերպություններում աշխատելու Շոֆերի մեծ փորձը:

ԱՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Արցախ ժամանած Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։ Պատվիրակության անդամները նշել են, որ Արցախ են ժամանել 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները և ռազմական հանցագործություններն ուսումնասիրելու նպատակով։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օգոստոսի 31-ին անցկացված ԵԱՀԿ առաքելության մշտադիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանի զինված ուժերը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակ են բացել Հայաստանի պետական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ»,- նշել է Բալայանը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը վստահ է, որ ԵԱՀԿ-ն պետք է կոշտ ու թիրախային արձագանք տա հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ իրականացնող  ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի քայլին:  ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին, նշել է, որ փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակըն օգոստոսի 31-ից ամբողջովին դադարեցրել է իր գործունեությունը: ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ կազմակերպությունը ձգտում է շարունակել իր ներգրավվածությունը Հայաստանի հետ՝ գործող ԵԱՀԿ պարտավորություններին համաձայն։

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը: Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը: ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Երևանում տեղի է ունեցել Ջորջ Մարշալի անվան Անվտանգության հետազոտությունների եվրոպական կենտրոնի Հայաստանի շրջանավարտների խորհրդաժողովը՝ «Հայաստանի անվտանգության մարտահրավերները» թեմայով: Զեկուցողների թվում էր Մարշալի կենտրոնի շրջանավարտ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը, ով նոր առաջարկներ է ներկայացրել ՄԽ-ին ու ՄԱԿ-ին Ղարաբաղում պատերազմի զսպման վերաբերյալ։

Հայոց ցեղասպանության դատապարտում

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը  Համայնքային խորհրդի օժանդակությամբ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում  կազմակերպել է «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը՝ նախատեսված Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար: Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ դիվանագետներ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցների անդամներ, գիտնականներ, դասախոսներ և Կալիֆորնիայի համալսարանում հիմնադրված «The Promise» ինստիտուտի ներկայացուցիչներ:

Հայաստան և աշխարհ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ փոխանակվել են շնորհավորական ուղերձներով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Ռամ Նաթ Քովինդին Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանն  շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: 

Հայաստանը աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին: «Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչու՞ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ փաստաթուղթն արդեն, ընդհանուր առմամբ, բանակցված է, և դրանից հետո նախաստորագրեցինք:  Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք»,- նշել է Սերժ Սարգսյանը։ Նախագահը նշել է նաև, որ որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ 2013թ-ի Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և պարզապես ծիծաղելի: «Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- ասել է Հանրապետության Նախագահը։

 «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը կմասնակցեն վեհաժողովի` սեպտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքին Թուրքիայի միանալու մասին հարցին: «Մեր համապատասխան մարմիններն արդեն իսկ այդ հարցին արձագանքել են: Միայն կլրացնեմ, որ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի սկզբունքով, և երբ հերթը հասնի որոշումների կայացմանը՝ Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի»,- ասաց Կարայանը: Ավելի վաղ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այս կապակցությամբ նշել էր. «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ սեպտեմբերի 2-ին մեկնարկեց «ArmSecurity-2017 » անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 20 երկրի պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչներ:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանում գրեթե բոլոր տնային տնտեսությունները` 99 տոկոսից ավելին ունեն հեռուստացույց, իսկ 96 տոկոսը` բջջային հեռախոս: Այս մասին վկայում է «Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցը: «Տնային տնտեսությունների 69 տոկոսն ունի համակարգիչ, և նույնքան տնային տնտեսություններ էլ ունեն համացանց: Տասը տնային տնտեսություններից 4-ն ունեն մարդատար կամ բեռնատար մեքենա: Ընդ որում, քաղաքային բնակավայրերի համեմատությամբ, մարդատար կամ բեռնատար մեքենա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինն ավելի մեծ է գյուղական բնակավայրերում` համապատասխանաբար 34 և 48 տոկոսը»,- նշված է զեկույցում:

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը, Նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռևս շատ հարցեր կան, որոնք մանրակրկիտ, բազմակողմանի քննարկման և հստակեցման կարիք ունեն: Հանրապետության Նախագահը հանձնարարել է վարչապետին՝ ապահովել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնագիտական բարձր որակով մասնակցությունը այդ քննարկումներին, որպեսզի հետագայում որևէ հարց չառաջանա այդ գերատեսչությունների կողմից օրենքով նախատեսված խնդիրների իրագործման հարցում: 

 Հայաստանի դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած, միջազգային օլիմպիադաներում հաջողություններ արձանագրած և կրթական տարբեր մրցույթների մասնակից աշակերտները ՀՀ Նախագահի նստավայրում ստացան իրենց պարգևները, հավաստագրերն ու նվերներն: Պարգևներն  ու հավաստագրերը աշակերտներին հանձնեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնաբնավորապես, ասվում է. «Մեր աշակերտների և ուսանողների հաջողությունները միջազգային մրցասպարեզներում, իհարկե, մեզ ոգևորում են և հուշում, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց մեզ համար ավելի կարևոր է կրթության համընդհանուր մակարդակի բարձրացումը: Անհրաժեշտ են դպրոցների և համալսարանների այնպիսի շրջանավարտներ, ովքեր մրցունակ կլինեն և իրենց տեղը կգտնեն կյանքում ու աշխատանքումՄաղթում եմ, որ բոլորս միասին զինվենք նոր գիտելիքներով և դառնանք ավելի ուժեղ, քանի որ «գիտելիքը ուժ է»:

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ: Նա, մասնավորապես, ընդգծել է. «Անցած քսանվեց տարիների ընթացքում Արցախը կայացավ որպես ամուր, ազատ ու ժողովրդավարական պետություն:
Խաղաղ Արցախը ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ: Արցախի պաշտպանները գիտեն կռվել և հանուն ինչի կռվել: Արցախի զինված ուժերը պաշտպանում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի և մեծ հաշվով՝ ողջ հայության անվտանգությունը»

 «Ուսուցիչ» ծրագիրը կունենա երկու հիմնական ուղղվածություն: Այն կբարձրացնի ուսուցչի աշխատանքի որակական արդյունքը և կտրուկ կբարելավի ուսուցչի սոցիալական կացությունը: Ծրագիրը կիրականացվի պայմանականորեն:  Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցությանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: «Օգոստոսյան խորհրդակցություններն ունեն երկու նպատակ՝ պարզաբանել մեր քաղաքականության հիմնական ուղղվածությունը,առաջիկա փոփոխությունները և լսել ուսուցիչների առաջարկները ուսումնական գործընթացի կազմակերման վերաբերյալ: Պետք է պայմանականորեն իրականացնենք «Ուսուցիչ» ծրագիրը», որի շրջանակում շատ առաջարկություններ ենք ստանում ուսուցիչներից»,-նշեց նախարարը: Նրա խոսքով՝ ծրագիրն ուղղված է ուսուցչի սոցիալական վիճակի, ուսուցչի ընտրության մեխանիզմների, թափուր տեղերի մրցույթների հայտարարման և այլ խնդիրների կարգավորմանը:

ՀՀ ԱԻՆ-ը հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է. «Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը»։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 14:00-ի սահմաններում մեկուսացվել է «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում: Գործարանի տարածք են մտել շտապօգնության մեքենաներ:  «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է 50 տոննա լաք-էթինոլ նյութ: Հրդեհի նախնական պատճառը լաք-էթինոլի ինքնաբռնկումն է: Այս մասին դեպքի վայրից լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հրշեջ-փրկարար ծառայության գնդապետ Վալերի Բագիյանը: Նրա խոսքով՝ տարածքում իրականացված քիմիական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ոչ մի վտանգավոր նյութ չի այրվում: «Լաք-էթինոլը հանդիսանում է այս գործարանի թափոններից: Նույն դեպքը եղել է 8 տարի առաջ: Բռնկումը, հավանաբար, եղել է բարձր ջերմաստիճանի ազդեցությունից»,-ասաց նա: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության դյուրավառ նյութերի պահեստարաններում բռնկված հրդեհի դեպքի առթիվ. քննություն է տարվում՝ պարզելու հրդեհի առաջացման պատճառները: 

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունն ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու համար ներկայացրել է Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու առաջարկներ: «Ելք»-ն առաջարկում է Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով, Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով, Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց, Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով, Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով, Իսակովի Պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով: Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, քանի որ Սանկտ Պետերբուրգը և Երևանը քույր քաղաքներ են: Բացի այդ՝ բնակիչներն արդեն սովորել են այդ անվանը: Օրենսդրությունը ուսումնասիրելուց, հասարակության և գիտական կարծիքներ լսելուց հետո  փողոցների անվանակոչության հարցը վերջնական կքննարկվի: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Լրացավ  «Արմենպրես» լրատվական գործակալության երիցագույն  թղթակից Լևոն Ազրոյանի ծննդյան 80-ամյակը։ Այդ առթիվ գործակալության թղթակից  Շանթ Խլղաթյանի հարցազրույց է վարել իր ավագ գործընկերոջ հետ։           

 -Պարոն Ազրոյան,երբվանի՞ց եք ժուռնալիստիկայի ոլորտում։

-1964 թվականի դեկտեմբերի մեկից։ Հենց այդ օրը Թբիլիսիում լույս տեսնող «Սովետական Վրաստան» թերթի խմբագիր Հակոբ Բլրցյանն ինձ աշխատանքի ընդունեց իր խմբագրած թերթում։ Այսօրվա պես հիշում եմ այդ օրը։ Հորս հետ էի գնացել խմբագրություն։ Բնական է, որ հենց նա էլ առաջինը շնորհավորեց ինձ, շեշտեց, որ ես մուտք եմ գործում մի բնագավառ, որտեղ իրեն լավ են ճանաչում, որ պիտի աշխատեմ անմնացորդ նվիրումով, լինեմ ազնիվ և անաչառ։ Բավականին պարտավորեցնող խոսքեր…                     

Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի կնոջ պատանդ վերցրած տղամարդը վնասազերծվել է: Տղամարդուն վնասազերծել է դիպուկահարը: Լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, որ տղամարդը հիվանդանոցում մահացել է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի փրկարար ծառայության պետի տեղակալ Առլեն Բադալյանը: «Շենքի բոլոր սենյակները ստուգված են, որեւէ բան չենք հայտնաբերել: Ահազանգը կեղծ էր: Նախարարության աշխատակիցները հանգիստ կարող են վերադառնալ իրենց աշխատանքին»,- ասաց նա: Ազգային ժողովի շենքի տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել, ժամը 13:30-ի դրությամբ աշխատանքները ավարտվել են: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:

Սփյուռք

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է հայազգի գործարար Կամո Հարությունյանին: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Շիշկովը: Ստացած վերքերից Հարությունյանը մահացել Է պատահարի վայրում, իսկ անհայտ անձը հեռացել Է հանցագործության վայրից: Ըստ հիմնական վարկածի, սպանության պատճառ Է դարձել բիզնեսի հետ կապված կոնֆլիկտը. զոհը եւ մարդասպանը ավելի վաղ ծանոթներ են եղել: Սակայն ստուգվում են հնարավոր այլ դրդապատճառներ։

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքին պատուհասած «Հարվի» փոթորիկից մեծապես տուժել են նաև տեղի շուրջ 3 հազար հայերը: 

Միջազգային խճանկար

Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանն արգելել է 20 միլիոն դոլարի ԱԹՍ-ների մատակարարումն Ադրբեջանին։ Մի քանի շաբաթ առաջ իսրայելական «Մաարիվ» թերթը գրել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է տեղեկատվությունը, թե իսրայելական Aeronautics Defense Systems օպերատորները հրաժարվել են Ադրբեջանին մատակարարվող   նոր անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրել հայկական դիրքերի վրա:

Վեց մարդ է վիրավորվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով։Պայթյունի հետևանքով դես ու դեն թռած արկերը կպել են մոտ գտնվող տներին։

Վաշինգտոնի նահանգի դատարանն ընդայնված կազմով որոշում է կայացրել մեղադրականներ ներկայացնել ԱՄՆ մայրաքաղաքում 2017 թվականի մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած 19 անձի, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակցի դեմ: 

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական և աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների գծով օգնական Հուսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպմանը նշել է, որ Սիրիայում ահաբեկիչների ծրագրերը ձախողվել են, և Արևմուտքի ճնշումն իր երկրի նկատմամբ նվազել է: Նախագահ Ասադը հայտարարել է, որ այդ ահաբեկչական ծրագրերի ձախողման և Արևմուտքի ճնշման նվազելու հանգամանքը պայմանավորված է Սիրիայի, Իրանի և այլ բարեկամ երկրների՝ ահաբեկչական խմբավորումների դեմ տարած հաղթանակներով:

Մի խումբ ամերիկացի գիտնականներ մշակել են պատվաստանյութ, որը մարդու ուղեղը պաշտպանում Է հերոինի եւ սինթետիկ ափիոդների ներգործությունից: Գիտնականների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է, որ կանակինումաբը միաժամանակ նվազեցնում Է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Կատալոնյան երկու կուսակցությունների՝ JxSվ-ի («Միասին՝ հանուն») եւ CUP-ի («Հանուն ժողովրդական միասնության») ներկայացուցիչներն օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում Է Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու գործողությունների օրինականությունն ու հաջորդականությունը: Եթե տարածաշրջանի բնակիչները քվեարկեն նրա անկախության օգտին, կգործարկվի վեցամսյա անցումային շրջան, որի ընթացքում կսկսվի Կատալոնիայի գլխավոր գործադիր մարմնի նոր ընտրությունների նախապատրաստումը: 

AccuWeather ընկերության փորձագետներն սպասում են, որ ԱՄՆ-ի տնտեսությանը «Հարվի» փոթորկի հասցրած վնասը կարող Է հասնել 190 մլրդ դոլարի եւ կազմել երկրի համախառն ներքին արդյունքի 1 տոկոսը: Եթե կանխատեսումը հաստատվի, այն կդառնա ամենաավերիչ տարերային աղետը ԱՄՆ-ի պատմության մեջ՝ գերազանցելով «Քաթրինա» փոթորկի պատճառած վնասը, որը 2005 թվականին գրեթե ամբողջությամբ ավերեց Նոր Օռլեանը եւ Միացյալ Նահանգների վրա նստեց 125 մլրդ դոլար:

Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 77-րդ տարում Երևանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։ Նա 1963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Հեռուստաթատրոնում բեմադրել է Սկառնաչչիի և Տարաբուզիի «Սինյոր Պապագատտո», Քալանթարյանի «Մովսես ապերը», Խանզադյանի «Քարանձավի բնակիչները», Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառա», Տեր-Գրիգորյանի «Մեռնող ֆլորան» և այլ պիեսներ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն  ցավակցական հեռագիր է հղել ճանաչված բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ:

Սպորտ

Թայբեյում ավարտված 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը մեդալների հաշվարկով 26-րդ տեղում է՝ նվաճելով 3 ոսկի, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: 131 երկրների պայքարում Հայաստանը 26-րդ տեղում է: Ամենաշատ մեդալներ նվաճեց Ճապոնիայի հավաքականը` 101 մեդալ:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը պարտվեց կիսաեզրափակիչ մենամարտում և դարձավ բրոնզե մեդալակիր:

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկ տեղով  առաջադիմել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ 4-րդ հորիզոնականում է: Աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Հայ շախմատիստներից դասակարգման աղյուսակում ընդգրկվել են նաև Սերգեյ Մովսեսյանը (72-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (79-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (102-րդ տեղ): 

Ֆուտբոլի Հայաստանի Մ21 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ընտրանու հետ:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում պարտվեց Ռումինիային (1:0):

 


© 2009 ARMENPRESS.am