«Նաիրիտ»-ի վերագործարկման շուրջ քննարկումները «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ իրատեսական չեն. Վահե Ջիլավյան

10:59, 31 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ քննարկումների իրականացնումն իրատեսական չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ, մինչդեռ հոլդինգի սեփական կապիտալը հասնում է ընդամենը մի քանի հազար ԱՄՆ դոլարի: Այս մասին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը:

- Պարոն Ջիլավյան, տեւական ժամանակ է մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը բանակցում է կառավարության հետ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման շուրջ ու 100 միլիոն դոլարի չափով ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնում: Վերջին շրջանում հանդիպումներ են եղել կառավարության ներկայացուցիչների հետ, մասնավորապես փոխվարչապետի հետ, սակայն մինչ օրս երկու կողմերը համաձայնության չեն եկել: Ինչո՞ւմն  է խնդիրը:   

- Այո, մենք հանդիպել ենք EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության ներկայացուցիչների հետ, իրենց ընդունել է նաեւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Եվ ի վերջո հարց առաջացավ, եթե այդ կազմակերպությունը, ինչպես նրանք ներկայացնում են, պատրաստ է նման ներդրումներ կատարել ու վերագործարկել «Նաիրիտ»-ը, ապա ինչո՞ւմն է խնդիրը: Այս համատեքստում կցանկանայի հանրության ուշադրությունը գրավել այդ «հոլդինգի» հետ կապված մի քանի փաստի վրա:

Նախ, «Նաիրիտ»-ի աշխատողների կողմից ընտրված և նրանց կողմից լիազորված անձանց կողմից ՀՀ վարչապետին ներկայացված EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության (որի հասցեն նշված է Krajna 86, 881 04 Bratislava, Slovakia) փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքում (www.orsr.sk) կազմակերպության անվանումը այլ է և  գրանցված է որպես՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o.: Վերջինս գրանցված է այլ հասցեով, քան նշված է ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացված փաստաթղթերում և գրանցված է Stara Vajnorska 21, Bratislava 831 04 հասցեում:

Սակայն անգամ դա չէ ամենակարեւորը: Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքի (www.orsr.sk) համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպության հիմնադիրներ են հանդիսանում Energy consult s.r.o. և Euro law & marketing s.r.o. յուրաքանչյուրը 2500 EUR ներդրման գումարով, որոնց հանրագումարը կազմել է կազմակերպության կանոնադրական կապիտալը: Ընդ որում, և հիմնադիր հանդիսացող և հիմնադրված ընկերությունների տնօրենը նույն անձնավորությունն է՝ Աշոտ Գրիգորյանը: Սլովակիայի Հանրապետության ֆինանսական վիճակագրության պաշտոնական կայքի (www.finstat.sk) համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպությունը 2016 թվականի արդյունքներով ունեցել է 404 եվրո վնասներ, 4,596 եվրո սեփական կապիտալ և 32,096 եվրո ակտիվներ: Հիմնադիր հանդիսացող կազմակերպությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում՝ նրանց ակտիվների կամ ֆիանանսական ներդրումներ կատարելու կարողությունների վերաբերյալ   տեղեկություններ, ներկայացված չեն:    

Բնականաբար, 2016 թվականի արդյունքներով նման ֆինանսական ցուցանիշներ ունեցող  կազմակերպության հետ բացառիկ իրավունք շնորհող որևէ փաստաթղթի ստորագրումը ծայրահեղ ռիսկայնություն է ստեղծում այլ պոտենցիալ ներդրողների և հետևաբար «Նաիրիտ»-ի ապագայի համար: Քանի որ ընկերությունը չունի բավարար ֆինանսկան միջոցներ համապատասխան որակյան մասնագետների ներգրավման համար, որն էլ կհանգեցնի ոչ մասնագիտական գնահատականների հնչեցմանը և գործարանի ոչ իրական տեսքով ներկայացնելուն:

ՀՀ վարչապետին EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության փաստաթղթերի՝ «Նաիրիտ»-ի աշխատողների կողմից ընտրված և նրանց կողմից լիազորված անձանց կողմից ներկայացման իրավասությունը EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության գրավոր լիազորագրով կամ համաձայնագրով հաստատված չէ:

Ամփոփելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ իրատեսական չէ 4596 եվրո սեփական կապիտալ ունեցող ընկերության հետ մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար պահանջող ներդրումային ծրագրի քննարկումը:

 

 


© 2009 ARMENPRESS.am