Թուրքիայում ձերբակալել են սոցցանցերում Աթաթյուրքին «մասոն» անվանած փորձագետին

18:00, 23 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցցանցերում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքին «մասոն» անվանելու պատճառով ձերբակալվել է փորձագետ Էրդալ Քայան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

Փորձագետին մեղադրանք է առաջադրվել «Աթաթուրքի հիշատակը վիրավորելու» հատկանիշներով:

Վերջին շրջանում Քեմալ Աթաթյուրքին վիրավորելու, նրա արձանների վրա հարձակում գործելու դեպքերը բավականին հաճախակի են դարձել:

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում օգոստոսի 21-ին երիտասարդը հարձակվել էր Աթաթյուրքի արձանի վրա և մուրճով վնասել այն:

Արձանի վրա հարձակված Իբրահիմ Յեշիլը տեղափոխվել էր ոստիկանական բաժանմունք:

Երիտասարդը հարցաքննության ժամանակ նշել էր, որ Աթաթուրքը հեթանոս է, և ինքն արձանի վրա հարձակվել է Ալլահի կամքով:

Հուլիսի վերջին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանի բնակիչ Մեհմեթ Մալբորան հարձակվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի վրա: «Իսլամում կռապաշտություն գոյություն չունի, արդյոք նա, ով պաշտպանում է արձանը, կարո՞ղ է համարվել մարգարեի ժառանգը»,- բարձրաձայն հարցրել էր տղամարդը և մանգաղով սկսել հարվածել արձանին:

Մեհմեթ Մալբորան ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել և մեղադրվում էր Աթաթուրքի դեմ հանցագործություն կատարելու մեջ:

 

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am