Նրա դրամատուրգիան միշտ կմնա ազդեցիկ ու արդիական. վարչապետը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

13:27, 22 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական խոսք է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական խոսքում մասնավորապես նշվում է.

«Պերճ Զեյթունցյանը մեր ժամանակների ամենամեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր: 
Անչափ մեծ է նրա ավանդը հայ արձակի զարգացման ասպարեզում: Հնարավոր չէ պատկերացնել վերջին տասնամյակների հայ դրամատուրգիան և թատրոնն առանց նրա ծանրակշիռ դերակատարության: Բազմաթիվ բեմերից նրա դրամատուրգիան խոսել է և շարունակելու է խոսել ինչպես պատմության ու ներկայի, այնպես էլ մեր ապագայի հետ՝ միշտ մնալով ազդեցիկ ու արդիական: Մի առիթով Պերճ Զեյթունցյանը մեջբերել էր մեր մեծ բանաստեղծ Համո Սահյանի հայտնի խոսքերը՝ «Ինձ բացակա չդնեք», և այսօր պետք է ասեմ, որ մեր բոլորի համար, հայ ժողովրդի համար նա միշտ «ներկա է լինելու»: 
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն եմ հղում Պերճ Զեյթունցյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև բազմաթիվ ընթերցողներին»: 

 


© 2009 ARMENPRESS.am