Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

17:10, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի  21-ին ցավակցական հեռագիր է հղել Զեյթունցյանների ընտանիքին անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված մտավորականի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և բազմաթիվ ընթերցողներին:

«Մեծ է Պերճ Զեյթունցյանի ներդրումը հայ արձակի զարգացման ասպարեզում: Նշանակալի է նաև նրա ավանդը մեր դրամատուրգիային նոր շունչ հաղորդելու և թատերական կյանքը հարստացնելու գործում: Մեր ազգային նորօրյա զարթոնքի շրջանում նորովի և առանձնահատուկ կերպով դրսևորվեց Պերճ Զեյթունցյանի հրապարակախոսական տաղանդը»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: 


© 2009 ARMENPRESS.am