Բերդավանի ճանապարհի խնդիրը լուծելու դեպքում զբոսաշրջիկների թիվը կավելանա

15:22, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև զբոսաշրջիկները շատ չեն այցելում սահմանամերձ Բերդավան, սակայն այս տարի այցերի ավելացում է նկատվում: Զբոսաշրջիկների թիվը մեծ չէ՝ կապված  ճանապարհի վատ վիճակի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բերդավան համայնքի վարչական ղեկավար Սմբատ Մուղդեսյանը:

«Ընդհանուր առմամբ՝ զբոսաշրջիկները շատ չեն այցելում Բերդավան ՝ ճանապարհի վատ վիճակի հետ կապված: Մեր վարչական ռեսուրսները դեռ չեն բավականացնում ճանապարհի խնդիրը լուծելու համար: Սակայն, կարծում եմ, այն լուծելու դեպքում ավելի շատ այցելություններ կունենանք»,-ասաց Մուղդեսյանը:

Նրա խոսքով՝ զբոսաշրջիկների թիվն ավելացնելու հարցում կա նաև լուսաբանման խնդիր: Այնուամենայնիվ, համայնքի վարչական ղեկավարն այս տարի այցելությունների աճ է նկատել:

«Այս տարի մեծ ավտոբուսով եկել են ֆրանսիացիներ՝ 37 մարդ: Հիմնականում գալիս են արտերկրից՝ ընտանիքներով: Ժամանում են Ֆրանսիայից,Մերձբալթիկայից»,-ասաց Մուղդեսյանն ու հավելեց, որ երբեմն եղել են դեպքեր, որ իրենց մեքենաներով ուղեկցել են զբոսաշրջիկներին:

Տեսարժան վայրերից առանձնացրեց հնությունները՝ 12-րդ դարի Գալինջաքար ամրոցը, որը, կարծես, գյուղի խորհրդանիշը լինի, ավերակ եկեղեցին ու հուշարձանները: Նրա խոսքով՝ վերջին շրջանում իրականացվել են թե տեղացիների, թե զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլեր:

Բերդավանը ներկայում ունի 3520 բնակիչ, փաստացի՝  3220:


© 2009 ARMENPRESS.am