Զինծառայող Անդրանիկ Մկրտչյանի մահվան փաստով հարուցվել է քրգործ ինքնասպանության հասցնելու հոդվածով

14:30, 21 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու զինծառայող, կոչումով կապիտան, 1991թ. ծնված Անդրանիկ Մկրտչյանի մահվան հանգամանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, զորամասի իր աշխատասենյակում՝ ծնոտի շրջանում  հրազենային վնասվածքով։

Նախնական տվյալներով՝ մահացու հրազենային վնասվածքը պատճառվել է Ա. Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։ 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (Ինքնասպանության հասցնելը-խմբ.) առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալներ՝ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով-խմբ.): Ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


© 2009 ARMENPRESS.am