Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով նախորդ շաբաթ դիմել է 78 քաղաքացի

16:27, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով  համաքաղաքացիների կողմից ստացված նամակներն ամփոփվում են յուրաքանչյուր շաբաթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 7-12-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 78 նամակ: Ընթացիկ շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 67-ին տրվել էր համապատասխան լուծում, իսկ 11-ն ընթացքի մեջ էր:

Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ բնագավառին, քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությանը, ինչպիսիք են՝ «Թեժ գծի» հեռախոսահամարները, քաղաքացիների ընդունելությանը մասնակցելու, քաղաքապետարանին դիմում ներկայացնելու ձևաչափերը:

Օգտատերերը 30 հարց են հղել «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների կազմակերպման նպատակով: Ուրախ ենք, որ կարողանում ենք էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումների միջոցով նույնպես մեր համաքաղաքացիների բարձրացրած հարցերին օպերատիվ լուծում տալ և նպաստել խնդիրների արագ կարգավորմանը:

Համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերի միջոցով` ֆեյսբուքում և թվիթերում , ինչպես նաև էլեկտրոնային փոստով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:


© 2009 ARMENPRESS.am