Սոցիոլոգը կարևորեց դպրոցական ռեժիմին հարմարվելու առումով մանկապարտեզների դերակատարությունը

14:14, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծնողների 25 տոկոսը խնդիրներ ունեն երեխային դպրոցի համար անհրաժեշտ իրերով ապահովելու առումով, հատկապես ձմեռային շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Դպրոցին լիարժեք նախապատրաստելու համար ծնողին պետք է 300 դոլար`  գրենական պիտույքներ, պայուսակ, հագուստ և այլ իրեր գնելու համար: Ֆինանսապես ապահոված ընտանիքների 25 տոկոսը նման խնդիր չունի, իսկ  50 տոկոսը երեխային դպրոցական անհրաժեշտ իրերով ապահովելու առումով որոշակի խնդիրները ունի, սակայն ժամանակի ընթացքում դրանք լուծում են ստանում»,- ասաց Ադիբեկյանը:

Նա նշեց, որ ընտանիքի սոցիալական խնդիրները կարող են անդառնալի բացասական ազդեցություն թողնել երեխայի հոգեբանության վրա` երեխան իրեն կարող է չզգալ լիարժեք անձ դասարանում և մեկուսանալ իր հասակակիցներից: Սոցիոլոգը  կարևորեց նաև մանկապարտեզների դերը դպրոցական ռեժիմին հարմարվելու առումով:

«Շատ կարևոր է երեխային դպրոց նախապատրաստելը: Մանկապարտեզների դերակատարությունը որոշ ծնողներ չեն գնահատում, իսկ երեխան մանկապարտեզում այդ ամենը սովորում է: Հանրապետությունում 3-6 տարեկան տարիքային խմբում 100 հազար երեխա չի այցելում մանկապարտեզ: Այդ 100 հազար երեխաների համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանան հարմարվել դպրոցական ռեժիմին, իսկ դա հետ է գցում երեխային դպրոցական ծրագրից»,- ընդգծեց Ադիբեկյանը:


© 2009 ARMENPRESS.am