Երևանյան բեսթսելեր 4/74. «Դորիան Գրեյի դիմանկարը» վերադարձել է ամենավաճառվածների աղյուսակ

11:35, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը չի զիջում, բայց և չի բարելավում իր դիրքերը: Այն կրկին երկրորդ հորիզոնականում է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և այս շաբաթ երրորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Իր դիրքերը զիջել և չորրորդ հորիզոնականում է հայտնվել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ հինգերորդ տեղում է Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի «Վերջին վկաները» ստեղծագործությունը: Սվետլանա Ալեքսիևիչը (ծնվել է 1948 թվականին) համաշխարհային ճանաչում ունեցող բելառուս արձակագիր է, որը գրում է ռուսերեն: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և ԽՍՀՄ-ի՝ Աֆղանստան զորք մտցնելու մասին, հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:

Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպը նորից վեցերորդն է: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Բրազիլիայում վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Յոթերորդ հորիզոնականում «Խատուտիկի գինի» ստեղծագործությունն է: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը վերադարձել մեր ցանկ և զբաղեցրել ութերորդ տեղը: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է և իններորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: 
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի, որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով ամբողջական վեպ (նույն անվամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06), «Զանգակ» (23-25-28) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 33
2 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 15
3 +1

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 14
4 -1

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 12
5 0

Սվետլանա Ալեքսիևիչ

«Վերջին վկաները»

Բուկինիստ 8
6 0

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 8
7 0

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 8
8 *

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 8
9 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 8
10 *

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 7

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:


© 2009 ARMENPRESS.am