Արագածոտնի մարզում կայացել է Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում

20:13, 17 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն օգոստոսի 17-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի, ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է Օշականի ճակատամարտի 190-րդ տարեդարձին  նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ելույթում անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցության փառավոր դրվագներից Օշականի ճակատամարտի պատմական նշանակությանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ անցած շուրջ երկու հարյուրամյակների ընթացքում երկու ժողովուրդների բարեկամությունն ավելի է ամրապնդվել, ինչի վկայությունն է պաշտպանության բնագավառում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ներկայիս մակարդակը:

Հիշեցնելով, որ հուշարձանը 1830-ական թվականների կեսերին կառուցվել է հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու նվիրատվություններով՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կարևորել է ամեն տարի այստեղ հավաքվելով հաղթանակի համար զոհվածների հիշատակը ոգեկոչելու ավանդույթի ձևավորման անհրաժեշտությունը:

 

 


© 2009 ARMENPRESS.am