«Ելք»-ն առաջարկում է գույքահարկից ազատել զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց

16:07, 15 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է գույքահարկից ազատել զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում` պայմանագրայիններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ելք» խմբակցությունը համապատասխան օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրել:  «Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները մինչեւ ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից:

Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաև նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ «Ելք» խմբակցությունն առաջարկում է դեղերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում ազատել Ավելացված արժեքի հարկից, ինչը խմբակցության պատգամավորների կարծիքով, կնպաստի երկրում դեղերի գների նվազմանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am