«Խոսրովի անտառ»-ում հրդեհի մարմանն աջակցելու համար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի գործընկերոջը

11:04, 14 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության  ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 14-ի ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:

 

 


© 2009 ARMENPRESS.am