ԱՄՆ պետդեպը չի մեկնաբանում ՌԴ-ում հյուպատոսություններից մեկի հնարավոր փակման լուրը

21:37, 11 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ վաշինգտոնյան վարչակազմը դիտարկում է Ռուսաստանում իր հյուպատոսություններից մեկի փակման հարցը: «Այս առումով ոչինչ հստակ չէ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցին մեկնաբանել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ այդ մասին հաղորդել էր «Կոմերսանտ» թերթը՝ անանուն դիվանագիտական աղբյուրին հղումով: Նշվում է, որ ԱՄՆ-ում գործում է ՌԴ չորս գլխավոր հյուպատոսություն՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Հյուսթոնում: Ընդ որում՝ Ռուսաստանում ԱՄՆ նման հաստատությունները երեքն են՝ Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Վլադիվոստոկում:

Մոսկվան հուլիսի 28-ին Վաշինգտոնին առաջարկել էր սեպտեմբերի 1-ից ամերիկյան դիվանագիտական և տեխնիկական անձնակազմի թիվը Ռուսաստանում հավասարեցնել ԱՄՆ-ում ՌԴ ներկայացուցիչների թվին:


© 2009 ARMENPRESS.am