Լեզվաբանը ԶԼՄ-ներում լեզվի անաղարտության պահպանման նպատակով կարևորում է լեզվական քաղաքականության պետական ծրագրի ստեղծումը

16:14, 10 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրատվական դաշտում ՝ ռադիոյում, հեռուստատեսությունում, թերթերում ու էլեկտրոնային մամուլով 1990-ական  թթ համեմատ լեզվի անաղարտության առումով բավականին առաջընթաց կա: Լեզվական սխալներ այժմ գրեթե չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը լեզվաբան Լավրենտի Միրզոյանը լրատվամիջոցներում լեզվի անաղարտության պահպանման նպատակով կարևորեց լեզվական քաղաքականության պետական ծրագրի ստեղծումը:

«Մայրենի լեզվի պահպանության կարևոր դերը պատկանում է նաև լրատվամիջոցներին: Նախկինում լրատվական դաշտում կար արհեստավարժ լրագրողների կարիք: Բարեբախտաբար, այդ փուլն արդեն անցել ենք, և կարող ենք արձանագրել, որ շատ հարցեր լուծում են ստացել՝ այդ թվում լեզվի անաղարտության պահպանումը: Սակայն լրատվության դաշտում դեռևս բացեր կան: Հաճախ լրատվամիջոցների օպերատիվությունը հանգեցնում է լեզվական շատ սխալների, որոնք պետք է լուծում ստանան»,-ասաց Լավրենտի Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ԶԼՄ-ներով հնչող լեզվական սխալների պատճառը հիմնականում  գովազդային կազմակերպություններն են: Եվ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ևս պետք է խիստ վերահսկողություն իրականացնի գովազդի լեզվի նկատմամբ: Մտահոգիչ են նաև հեռուստատեսությամբ հաճախ հնչող օտարամոլ արտահայտությունները: Նրա խոսքով՝ դաշտը պետք է վերահսկվի համապատասխան մարմիների կողմից և համապատասխան լծակներով: «Լրատվամիջոցներում լեզվի անաղարտության պահպանման նպատակով պետք է ունենալ լեզվական քաղաքականության պետական ծրագիր: Դրանից հետո լրատվական դաշտի գրեթե բոլոր խնդիրները կկարգավորվեն»,-ասաց լեզվաբանը:

Միրզոյանը կարևորեց նաև լեզվաբանների և լրագրողների միջև ամուր կապը՝ հնարավոր սխալները կանխելու նպատակով: Նրա խոսքով՝ Տերմինաբանական կոմիտեի հատուկ որոշմամբ՝ զանգվածային լրատվության միջոց տերմինի փոխարեն պետք է օգտագործել տեղեկատվական լրատվության միջոց: Նաև անհրաժեշտ է, որ լրագրողների միությունը պարբերաբար կազմակերպի լրագրողների հավաքներ և ուսուցում:

 


© 2009 ARMENPRESS.am