Տավուշի սահմանամերձ գյուղերում հակառակորդի կրակոցների պատճառով արտերը մնացել են չհնձված

13:09, 31 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում հակառակորդը վերջին օրերին թիրախավորել է ցորենի ցանքատարածությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը նշեց, որ հակառակորդը ցորենի ցանքատարածությունների վրա կրակ է բացել հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում: «Հակառակորդի կրակոցների արդյունքում վիրավորներ չունենք: Միայն 2.5-3 հեկտար ցորենի ցանքատարածություն է տուժել»,-ասաց նա, հավելելով, որ Ոսկեվան համայնքում այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան:

Տավուշի մարզի սահմանամերձ մեկ այլ՝ Չինարի համայնքում էլ գյուղացիները ոչ մի կերպ չեն կարողանում հնձել իրենց ցանած ցորենը: Համայնքապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտերի մեծ մասը գյուղացիները հնձել են գիշերով, դեռ երեք հեկտար արտ էլ մնացել է: «Դիպուկահարը կարող է ցանկացած պահի կրակել»,-հավելեց նա:

Կոթի համայնքում եւս հակառակորդը վերջերս կրակ էր բացել ցորենի դաշտում աշխատող կոմբայնի վրա: Հակառակորդի մեկ այլ կրակոցից էլ ցորենի դաշտն է այրվել: «Հիմա հանգիստ է, հատուկենտ կրակոցներ հնչում են, բայց ոչ ակտիվ»,-ասաց Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը:

Մեզ հետ զրույցում Տավուշի մարզի Ոսկեվան համայնքին կից Բաղանիս, Այգեպար եւ Բարեկամավան համայնքների ղեկավարները վստահեցրին, որ իրենց մոտ եւս իրավիճակը մոտ օրերին հանգիստ է անցել՝ առանց կրակոցների:


© 2009 ARMENPRESS.am