Հայաստանում անցկացվում է «Տերտերյանի ժամանակը» երրորդ միջազգային երաժշտական փառատոնը

15:27, 29 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան տոնին նվիրված «Տերտերյանի ժամանակը» միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը նպաստում է դասական երաժշտության զարգացմանն ու տարածմանը Հայաստանում: Այն անցկացվում է երրորդ անգամ Գեղարքունիքի մարզում: Փառատոնի մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին արվեստագիտության թեկնածու, «Տերտերյանի ժամանակը» փառատոնի հայաստանյան ներկայացուցիչ և կազմակերպիչ Նարինե Ավետիսյանը, Ս.Պետերբուրգի ազգային ինքնավարության նախագահ, փառատոնի նախաձեռնող Կարեն Մկրտչյանը և երիտասարդ կոմպոզիտոր Վահագն Վարդանյանը:

«Այս տարի փառատոնն անցկացվում է նոր ձևաչափով. ներգրավվել ենք երիտասարդ կոմպոզիտորների, որոնք ավարտել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նրանք ներկայացնում են իրենց ստեղծագործությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նարինե Ավետիսյանը:

Նա շեշտեց, որ Սանկտ Պետերբուրգում համերգների մասնակցելիս իրենց մոտ առաջացել է տեղի երիտասարդ կոմպոզիտորներին փառատոնի շրջանակում ներգրավվելու գաղափարը: «Նրանց հետ միասին հնչելու են նաև կոնսերվատորիան այս տարի ավարտած հինգ կոմպոզիտորների լավագույն գործերը: Նրանք մեծագույն սիրով են մասնակցում փառատոնին ու ներկայումս պատրաստվում են գլխավոր համերգին, որտեղ նաև իմպրովիզներով են հանդես գալու»,-ասաց նա:

Ավետիսյանն ընդգծեց, որ փառատոնի գլխավոր միջոցառումը կանցկացվի հուլիսի 29-ին Ավետ Տերտերյանի առանձնատանը` Հայրավանքում` Սևանա լճի մոտ: Երևանից ավտոբուսները բոլոր ցանկացողներին կարող են անվճար հասցնել այնտեղ: Կլինի թատերական ներկայացում, կհնչեն  կամերային նվագախմբի համար նախատեսված ստեղծագործություններ:

Փառատոնի մասնակից Վահագն Վարդանյանի խոսքով`Ավետ Տերտերյանն այն կոմպոզիտորներից է, ով մեծ ազդեցություն է թողել ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտարվեստի զարգացման վրա: «Կոնսերվատորիայում Տերտերյանը գործիքավորում է դասավանդել: Նրա դպրոցը պահպանվել է ու փոխանցվել մեզ: Տերտերյանն անդրադարձել է հայ հնագույն երաժշտության շերտերի, որոնց մասին քչերն են խոսել, թերևս Էդգար Հովհաննիսյանը, Դմիտրի Շոստակովիչը: Այն գործում, որը ներկայացնելու եմ այսօր չի նկատվում Տերտերյանի ազդեցությունը, սակայն իմ ստեղծագործական կյանքում շատ եմ կարևորում նրա դերը»,-եզրափակեց կոմպոզիտորը:

Փառատոնի կայացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերած Կարեն Մկրտչյանն ասաց, որ իրենք  երազել են, որ փառատոնը նաև Արցախն ընդգրկի, քանի որ Տերտերյանն արմատներով Շուշիից է: «Այս տարի Արցախի մշակույթի նախարարության հետ կարողացանք իրականացնել այդ երազանքը: Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին համերգներ կլինեն նաև Արցախում»,-շեշտեց նա և հավելեց, որ իրենք շատ են կարևորում դասական երաժշտությունը, քանի որ այն երկրի ազգային անվտանգությունն է, և այն երկիրը, որը չունի դասական երաժշտություն չի’ կարող ապագա ունենալ:

Փառատոնը մեկնարկել է հուլիսի 20-ից: Առաջին համերգը տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որտեղ ներկայացվել են Ավետ Տերտերյանի վաղ շրջանի վոկալ ստեղծագործությունները և երիտասարդ ու խոստումնալից կոմպոզիտորների գործերը: Հաջորդ համերգն անցկացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, որտեղ ցուցադրվել է Արթուր Սահակյանի ֆիլմը, որում հնչել են Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ:


© 2009 ARMENPRESS.am