Երևանում սպասվում է երաժշտական տոն. կանցկացվի «Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումը

15:05, 28 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տոնական միջոցառումների շարքը կհամալրվի ևս մեկով: Սեպտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կանցկացվի «Երևանի երաժշտական գիշեր» (Yerevan Music Night) միջոցառումը: Այն կազմակերպում են «Երևան գինու օրեր»  (YereWineDays)  միջոցառման աշխատանքային խումբը և Կամի ակումբը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Երևան գինու օրեր»  (YereWineDays)  միջոցառման աշխատանքային խմբի ղեկավար Նունե Մանուկյանը, այդ օրը բաձր տրամադրությունն ու հաճելի ժամանցը երաշխավորվում է:

««Երևանի երաժշտական գիշեր միջոցառումը» միջոցառումն առաջին անգամ է անցկացվում: Որոշեցինք ևս մեկ տոն նվիրել Երևանին, որը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը: Ինչպես գիտեք, սեպտեմբերին զբոսաշրջության ակտիվ շրջան է, հետևաբար ևս մեկ տոնական միջոցառումը տեղին կլինի: Մանավանդ, որ անակնկալներ են սպասվում»,- ասաց Նունե Մանուկյանը:

Ներկա են լինելու հայաստանյան լավագույն ռոք, ջազ կատարողներ, DJ-ներ, միջոցառման հրավիրված է նաև ճանաչված երաժիշտ արտերկրից:  

Միջոցառումը չի սահմանափակվում երաժշտությամբ, լինելու է հետաքրքիր ուտեստների, խմիչքների համտեսի հնարավորություն: Տոմսի արժեքն է սահմանված է 5000 դրամ: Այն հնարավորություն է տալիս համտեսել ավելի քան 5 ուտեստ, 4 կոկտեյլ, 4 տեսակի գինի, սանգրիա, գարեջուր:

«Երևանի երաժշտական գիշեր» -ն անցկացվում է «Երևան գինու օրեր»-ի միջոցառման ձևաչափով, պարզապես շեշտադրումը երաժշտությունն է:

Մայիսի 5-6-ը երևանյան փողոցներից մեկը վերածվել էր գինու համտեսի հարթակի: Գինու սիրահարներին հնարավորություն էր տրվել համտեսել հայկական արտադրության լավագույն գինիները: 


© 2009 ARMENPRESS.am