«Նոեվ Կովչեգ» հայկական ազգամշակութային ինքնավարության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

17:39, 25 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 25-ին ընդունեց Ռոստովի մարզի Վոլգադոնսկի «Նոեվ Կովչեգ» հայկական ազգամշակութային ինքնավարության խորհրդի նախագահ Սասուն Սարգսյանին, խորհրդի անդամ Սասուն Հովհաննիսյանին:

Նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և հաջողություններով, ծանոթացավ խնդիրներին: Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: Նախարարը համայնքի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սասուն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, նշեց, որ կազմակերպության հիմնական նպատակն է Վոլգադոնսկ քաղաքի և Վոլգադոնսկի շրջանի  հայերի համախմբումը և  հայ ազգային ինքնության պահպանումը: «Աջակցում ենք հայոց լեզվի և պատմության ուսուցմանը, ամրապնդում ենք կապերը Հայաստանի և Արցախի հետ, ինչպես նաև՝ ՌԴ-ի այլ քաղաքներում գործող հայկական համայնքների հետ, կոնֆերանսներ, գիտաժողովներ, սեմինարներ ենք  կազմակերպում: Այժմ զբաղված ենք եկեղեցու կառուցման հետ կապված խնդիրների լուծմամբ: Համոզված ենք, որ եկեղեցին էլ ավելի կհամախմբի համայնքը, կնպաստի հայապահպանությանը», - հավելեց նա:


© 2009 ARMENPRESS.am